Ինչպե՞ս խնամել ակրիլային լոգարանը

Ինչպե՞ս խնամել ակրիլային լոգարանը


Լոգարանը յուրաքանչյուր տան կարևոր ատրիբուտներից է։ Լոգասենյակներում թուջե լոգարաններին փոխարինելու են եկել նոր, գեղեցիկ դիզայնով ակրիլային տարբերակները։


Խորհուրդներ լոգարանի մակերեսը պահպանելու վերաբերյալ


Հայտնի է, որ ակրիլը հեշտությամբ քերծվում է և վնասվում լվացող միջոցներից: Ակրիլային լոգարանը մաքուր պահելու ամենակարեւոր պայմանը կանոնավոր խնամքն է (ցանկալի է՝ ամեն օր):

  • Որպեսզի ակրիլային լոգարանը երկար պահպանի իր սկզբնական տեսքը, քսեք խեժային հիմքով լաք։ Դա լոգարանին կհաղորդի սահուն մակերես ու կեղտապաշտպան հատկություն:
  • Ամեն օր սրբեք լոգարանը փափուկ կտորով՝ օգտագործելով ոչ ուժեղ լվացող միջոցներ:

  • Ակրիլային լոգարանները մաքրելու համար արգելվում է օգտագործել հետևյալ միջոցները.

  • հղկող նյութեր պարունակող լվացքի փոշիները,
  • քլորը,
  • ացետոնը և այլ լուծիչները, քանի որ դրանք վնասում և քայքայում են ակրիլը:

  • Ակրիլային լոգարանի մաքրման մեթոդները


    Ակրիլային լոգարանի մաքրման համար կարող եք օգտագործել ավանդական միջոցներ, ինչպիսիք են քացախը, կիտրոնաթթուն, սոդան, ինչպես նաև՝ կիրառել տնտեսական խանութներից ձեռք բերված տարբեր նյութեր: Քերծվածքներից խուսափելու համար խորհուրդ է տրվում լոգարանը լվանալ փափուկ սպունգով:

  • Ակրիլային լոգարանը կրաքարից մաքրելու համար կարող եք օգտագործել սովորական սեղանի քացախը (9%)։ 1 լ քացախը պետք է լուծել տաք ջրի մեջ և այդպես թողնել 12 ժամ։ Այնուհետև քամել հեղուկը և սրբել լոգարանը: Քացախի փոխարեն կարող եք օգտագործել նաև կիտրոնաթթու։
  • Սոդայի օգնությամբ հնարավոր է հեռացնել և՛ կրաքարը, և՛ փայլեցնել լոգարանը։ Այդ նպատակով մեկ տուփ սոդան լուծեք տաք ջրի մեջ և թողեք 1 ժամ։ Կրաքարը հեռացնելու համար սոդան խառնեք ջրի հետ, թրմեք 30 րոպե և անցեք լվանալու գործընթացին։
  • Դեղին բծերը կարելի է լվանալ ջրածնի պերօքսիդով և քացախով (3:1 հարաբերակցությամբ): Հեղուկը պետք է ցողել մակերեսի վրա և 15 րոպե հետո լվանալ։
  • Մանանեխի փոշին և սոդան նույնպես հիանալի միջոց են դեղնության դեմ։
  • Ակրիլային լոգարանից ժանգը կարելի է հեռացնել կիտրոնի հյութով (քսել և 30 րոպե հետո լվանալ), նաև՝ ամոնիակով և ջրածնի պերօքսիդով՝ հավասար համամասնությամբ։